Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՉորեքշաբթի, 14.11.2018, 03:04
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Главная » 2013 » Օգոստոս » 22 » Երրորդ խաչակրաց արշավանքը և դրան հաջորդող արշավանքները:Խաչակրաց շարժման անկումը: 2
19:34
Երրորդ խաչակրաց արշավանքը և դրան հաջորդող արշավանքները:Խաչակրաց շարժման անկումը: 2

Խաղաղ ժամանակներին հետևեց Եդեսիայի գրավումը մուսուլմանների կողմից։ Կազմակերպվեց Երկրորդ խաչակրաց արշավանքը։ Ֆրանսիական և հարավ-գերմանական խաչակիրները Լուի VII-ի և Կոնրադ III-ի գլխավորությամբ, համապատասխանաբար, հասան Երուսաղեմ 1147 թ., սակայն չկարողացան տանել ոչ մի խոշոր հաղթանակ։ Նրանց Դամասկոսը գրավելու ծրագրերը նույնպես մատնվեցին անհաջողության։ Սակայն Միջերկրական ծովի մյուս ափում Երկրորդ խաչակրաց արշավանքը մեծ օգուտ բերեց։ Որոշ խաչակիրներ կանգ առան Պորտուգալիայի թագավորությունում, միացան Աֆոնսո Ա Պորտուգալացուն և վերանվաճեցին Լիսաբոնը մուսուլմաններից 1147 թ.: Այդ խմբի մի մասն էլ օգնեց Բարսելոնայի իշխանին գրավել Տորտոսան մյուս տարի։ Արդեն 1150 թ. Գերմանիայի կայսրը և Ֆրանսիայի թագավորը ետ էին վերադարձել Սուրբ Երկրից առանց որևէ լուրջ հաջողության։  Հյուսիսայի գերմանացիները և դանիացիները հարձակվեցին Վենդերի վրա 1147 թ. Վենդական խաչակրաց արշավանքի ժամանակ, որը նույնպես չպսակվեց հաջողությամբ։

Երրորդ խաչակրաց արշավանք

1187 թ. Սալահ ադ Դինը` Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը։ Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մահմեդականների ձեռքը։ Երուսաղեմի հանձնվելուց հետո, Սալահ ադ Դինը խնայեց քրիստոնյա բնակչությանը և խաչակիրներից ստացված գումարի դիմաց չոչնչացրեց եկեղեցիները։ Ահա ինչպես է նկարագրում Երուսաղեմի գրավումը Սալահ ադ Դինի կողմից Ֆրիդրիխ Ա Շիկամորուս կայսեր գանձապետ Բերնարդը իր «Ժամանակագրություն»ում.

  Սալահ ադ Դինն Ասկալոնից ուղևորվեց Երուսաղեմը գրավելու։ Հաջորդ օրը նա պաշարեց քաղաքը։ Սակայն մինչև ռազմական գործողություններ սկսելը նա քաղաքի բնակիչներին առաջարկեց քաղաքը հանձնել իրեն առանց կռվի։ Երուսաղեմի բնակիչները պատասխանեցին, որ նա կարող է անել ինչ ցանկանում է, բայց իրենք քաղաքը չեն զիջի։ Այնժամ Սալահ ադ Դինը հրամայեց պատրաստվել գրոհի։ Բնակիչները նույնպես զինվեցին և մարտի մտան սարացինների (մահմեդականների) դեմ։

Մուսուլմանները հասան խրամին, այնտեղ իջեցրին հողափորներին և աստիճանները հենեցին պարիսպներին։ Երկու օրում նրանք պարիսպների տակ փորեցին 15 արմնկաչափ։ Փորելով և պատերին գերաններ հենելով` նրանք կրակ վառեցին, և փորված հատվածներում պարիսպը փլվեց։ Այնժամ քրիստոնյաները հավաքվեցին խորհրդի, թե ինչպես վարվեն... և խնդրեցին գլխավոր բարոններից մեկին` Բալիան Իբելինին գնալ Սալահ ադ Դինի մոտ և հարցնել, թե ինչպիսին են պայմանները։ Նա գնաց և բանակցություններ սկսեց... Բալիանը երրորդ անգամ գնաց Սալահ ադ Դինի մոտ։ Սահմանվեց փրկագին նրանց համար, ովքեր կարող էին այն վճարել, իսկ մնացած ողջ գույքը` շարժական թե այլ, նրանք կարող էին վերցնել իրենց հետ, և ոչ ոք նրանց չէր արգելի։ Երբ ամեն ինչ կարգավորվեց, Սալահ ադ Դինը ժամանակ տվեց գույքը վաճառելու և գրավ դնելու համար, որպեսզի փրկագինը վճարվի։ Ժամանակ տրվեց 50 օր, և նա, ով դրանից հետո կմնա քաղաքում, կպատկանի Սալահ ադ Դինին ամբողջ ունեցվածքով։ Սալահ ադ Դինը խոստացավ, որ երբ քրիստոնյաները քաղաքից դուրս գան, ապա նա կհրամայի նրանց ապահով հասցնել քրիստոնյա երկիր...

Երբ ամեն ինչ այդպես որոշվեց, Բալիանը հրաժեշտ տվեց Սալահ ադ Դինին և վերադարձավ քաղաք...Բոլորը հավաքվեցին, և Բալիանը պատմեց նրանց, ինչ որ եղել էր: Նրանք հավանություն տվեցին նրա գործողություններին, քանի որ նա չէր կարող ավելի լավ վարվել։ Այնժամ Սալահ ադ Դինին ուղարկեցին քաղաքի բանալիները, և նա, ստանալով դրանք, մեծապես հրճվեց։


Սալահ ադ Դինը հիշվում է քրիստոնեական և մահմեդական աղբյուրներում, որպես մարդ, ով «միշտ հավատարիմ էր իր խոսքին»: Սալահ ադ Դինի հաղթանակները ցնցեցին Եվրոպան։ Հռոմի Պապը նոր խաչակրաց արշավանք ձեռնարկեց, որը ղեկավարում էին այն ժամանակվա ուժեղագույն միապետերը` Ֆիլիպ Բ Գեղեցկատեսը (Ֆրանսիա), Ռիչարդ Ա Առյուծասիրտը (Անգլիա) և Ֆրիդրիխ Բարբարոսան (Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն)։ Այդ պատճառով Երրորդ խաչակրաց արշավանքը երբեմն կոչում են «Արքաների խաչակրաց արշավանք»: Կիլիկիայի հայ իշխան Լևոն Բ որոշում է օգտվել այդ առիթից և օգնության դիմաց Ֆրիդրիխից ցանկանում է թագ ստանալ։ Չնայած Ֆրիդրիխը խեղդվում է Կիլիկիայի գետերից մեկն անցնելու ժամանակ, այդ փաստը չի խանգարում Լևոնին 1198 թ-ի հունվարի 6-ին թագադրվել Կիլիկիայի թագավոր: 1190 թ. Ֆրիդրիխ Շիկամորուսի խեղդվելուց անմիջապես հետո գերմանական զորքի մի մասը ետ է վերադառնում։ Մյուս մասը Ֆրիդրիխի որդի` Ֆրիդրիխ Կրտսերի գլխավորությամբ Մամեստիայի և Տարսոնի վրայով անցավ Անտիոք, որտեղ էլ թաղեցին Ֆրիդրիխ Շիկամորուսին։ Ապա գերմանացի խաչակիրները շարունակելով իրենց ուղին` գնացին միացան Ակրան պաշարող մյուս խաչակիրներին։ Այստեղ 1191 թ. մեռավ նաև Ֆրիդրիխ Կրտսերը։  Մինչև Սուրբ Երկիր հասնելը Ռիչարդը բյուզանդացիներից 1191 թ. գրավում է Կիպրոսը և հիմնում խաչակրաց թագավորություն։ Կիպրոսը մնում է քրիստոնյաների ձեռքում մինչև 1571 թ., երբ Օսմանյան կայսրությունը գրավում է կղզին Վենետիկից։  Երկարատև պաշարումից հետո, Ռիչարդ Առյուծասիրտը վերագրավում է առափնյա Ակրա քաղաքը։ 1191 թ. Ակրայի վերանվաճումից հետո Ֆիլիպը ֆրանսիական զորքի հետ մեկտեղ ետ է վերադառնում։ Խաչակիրները շարժվում են հարավ։ Նրանք ջախջախում են մուսուլմաններին Արսուֆի մոտ, վերանվաճում են Ջաֆֆա նավահանգիստը և մոտենում են Երուսաղեմի մատույցներին։ Սակայն Ռիչարդը մտածեց, որ գրավելուց հետո չի կարողանա պահել Երուսաղեմը, քանի որ խաչակիրների մեծ մասը ետ կվերադառնա: Այդ իսկ պատճառով Ռիչարդ Առյուծասիրտը պայմանագիր է կնքում Սալահ ադ Դինի հետ, ըստ որի քրիստոնյա ուխտավորներին երեք տարով թույլատրվում է այցելել Երուսաղեմ։ Երուսաղեմի թագավորության նոր մայրաքաղաք է հռչակվում Ակրան։ Խաչակիրները վերադարձան Եվրոպա առանց վերագրավելու Երուսաղեմը։

Ռիչարդը մտադրվել էր ետ վերադառնալով Եվրոպա, կազմակերպել նոր խաչակրաց արշավանք։ Սակայն նրա նավերը ծովաբեկության են ենթարկվում Ավստրիայի մոտ, որտեղ իր թշնամի Լեոպոլդ Ե-ն գերի է վերցնում նրան։ Հետագայում Ռիչարդը վերադառնում է Անգլիա, սակայն զոհվում է ճակատամարտերից մեկում։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI 1197 թ. կազմ-պատրաստ էր նոր խաչակրաց արշավանքի համար, սակայն մահանում է նույն տարում մալարիայից։

Չորրորդ խաչակրաց արշավանք

Եվրոպան և խաչակրաց պետությունները Մերձավոր Արևելքում 1142 թ.

Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ.: Ահա հատված Հռոմի Պապի ուղերձից.

  Անհավատների ձեռքից Սուրբ Հողն ազատագրելու ցանկությամբ բոցավառված...մենք սահմանափակում ենք..., որ այս հունիսից հաշված մեկ տարվա ընթացքում...բոլոր նրանք, ովքեր կձեռնարկեն նավարկել ծովից այն կողմ, հավաքվեն Սիցիլիայի թագավորությունում...այդ ժամանակ մենք էլ...նախատեսում ենք ժամանել այնտեղ անձամբ, որպեսզի քրիստոնյա զորքը մեր խորհրդով և օգնությամբ տեղավորվի և արշավի...

Մենք ցանկանում և հրամայում ենք..., որ բոլոր նրանք, ովքեր իրենք անձամբ չեն ժամանել Սուրբ Հողին օգնության, համապատասխան քանակությամբ զինվորներ տրամադրեն և իրենց վրա վերցնեն երեք տարվա համար անհրաժեշտ ծախսերը, յուրաքանչյուրը իր հնարավորության սահմաններում... Մենք սահմանեցինք..., որ բոլոր հոգևորականները ... երեք տարվա ընթացքում Սուրբ Հողին որպես օգնություն տրամադրեն եկեղեցու եկամուտների քսաներորդ մասը... Մենք խաչակիրներին հատուկ արտոնություններ ենք տալիս արշավանքի մեկնելու պահից։ Նրանք ազատվում են բոլոր տեսակի հարկերից և պարտավորություններից։ Նրանց անձը և գույքը... երանելի Պետրոսի և մեր հովանավորության տակ են...

Քանի որ այդպիսի ձեռնարկի համար հատկապես անհրաժեշտ է, որ իշխանները և քրիստոնյա ժողովուրդները խաղաղության պահպանեն, ապա մենք տիեզերական սրբազան ժողովի դրդմամբ սահմանեցինք, որ առնվազն չորս տարվա ընթացքում համընդհանուր խաղաղություն պահպանվի ողջ երկրագնդի վրա:

Եվ քանի որ բոլորին պարզ էր դարձել, որ խաչակրաց պետությունների գլխավոր հակառակորդը Եգիպտոսն էր, որոշվեց ներխուժել Սուրբ Երկիր Եգիպտոսով։ Սակայն խաչակիրները չունեին բավականաչափ գումար, որպեսզի վճարեին Վենետիկի Հանրապետությանը նավերի և պաշարների համար: Այդ ժամանակ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն առաջարկեց խաչակիրներին գումարի դիմաց հնազանդեցնել քրիստոնեական Զադար քաղաքը։ Իսկ դրանից հետո, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը Վենետիկի գլխավոր մրցակիցն էր, դոժը կարողացավ համոզել խաչակիրներին արշավել քրիստոնեական Բյուզանդիայի դեմ։ Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին։ Որոշ մարտերից և 1204 թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո խաչակիրները ստեղծեցին այսպես կոչված Լատինական կայսրությունը, որ այդպես կոչվեց այն պատճառով, որ ժամերգությունը կատարվում էր լատիներենով, և մի քանի այլ մանր խաչակրաց պետություններ: Այս իրադարձությունները համարվում են արևելյան ուղղափառ և արևմտյան կաթոլիկ եկեղեցիների վերջնական բաժանումը։

Ալբիգոյական խաչակրաց արշավանք

 

 

Բյուզանդիայի մասնատումը Չորրորդ խաչակրաց արշավանքի հետևանքով (1204 թ.)

 

 

Ռիչարդ Ա Առյուծասիրտը

Ալբիգոյական խաչակրաց արշավանքը սկսվեց 1209 թ. հարավային Ֆրանսիայում բնակվող կատարների աղանդը ոչնչացնելու նպատակով։ Այն տևեց շուրջ մեկ տասնամյակ և կապված էր ոչ միայն աղանդավորության խնդիրների, այլ նաև հյուսիսային Ֆրանսիայի նվաճողական քաղաքականության հետ։ Վերջիվերջո կատարները դուրս մղվեցին հարավային Ֆրանսիայից։ 

Երեխաների խաչակրաց արշավանք

Երեխաների խաչակրաց արշավանքով բնութագրվում են 1212 թ-ի այսպես կոչված խաչակրաց արշավանքները։ Ամեն ինչ սկսվեց նրանով, որ մեծ քանակությամբ երեխաներ Ֆրանսիայից և Գերմանիայից որոշեցին ինքնուրույն ազատագրել Սուրբ Երկիրը։ Հռոմի Պապը համարեց նրանց ընտրյալներ Աստծո կողմից և հուսաց, որ նրանք ավելի հաջող կլինեն քան մեծահասակները։ Ֆրանսիական բանակի հրամանատարը` Ստեփանը, առաջնորդում էր 30,000 երեխաների, իսկ գերմանական ճյուղի հրամանատար Նիկոլասը` 7,000 երեխաների։ Երեխաներից ոչ ոք չհասավ Սուրբ Երկիր. մի մասը զոհվեց նավաբեկությունից ու սովից, իսկ մյուս մասը վաճառվեցին ստրկության Եգիպտոս։

Հինգերորդ խաչակրաց արշավանք

Եկեղեցին Լաթերանի 1215 թ. ժողովում մշակեց Սուրբ Երկիրն ազատագրելու ծրագիր: Առաջին քայլով Ավստրիայի և Հունգարիայի խաչակիրները միացան Երուսաղեմի թագավորի և Անտիոքի դքսության խաչակիրներին և ետ գրավեցին Երուսաղեմը։ Երկրորդ քայլով նրանք գրավեցին Դամիետա քաղաքը Եգիպտոսում 1219 թ., սակայն Եկեղեցու պահանջով նրանք շարժվեցին դեպի Կահիրե. ճանապարհին, սննդամթերքի պակասի պատճառով նրանք ստիպված ետ վերադարձան, իսկ գիշերային հարձակումը խաչակիրների վրա Եգիպտոսի կառավարչի կողմից, վերջնականապես հյուծեց նրանց և շուտով խաչակիրները հանձնվեցին։ Եգիպտոսի կառավարիչ Ալ-Քամիլը ութամյա հաշտության պայմանագիր կնքեց Եվրոպայի հետ։

Ալ-Քամիլը պարգև սահմանեց մեկ բյուզանդական ոսկու չափով, իրեն բերած յուրաքանչյուր քրիստոնյայի գլխի համար: 1219 թ. Ալ-Քամլիի հետ խոսելու նպատակով Սուրբ Ֆրանցիսկն անցավ Եգիպտոսի սահմանը։ Նրան և իր ուղեկցին` Իլլումինատուսին, գերի վերցրեցին և բերեցին Ալ-Քամլիի մոտ։ Ալ-Քամլին հիացած էր Սուրբ Ֆրանցիսկով և որոշ ժամանակ անցկացրեց նրա հետ։ Շուտով Սուրբ Ֆրանցիսկը ազատ արձակվեց։

Վեցերորդ խաչակրաց արշավանք

Ֆրիդիրիխ Բ-ն կառավարման ընթացքում բազմաթիվ խոստումներ էր տվել արշավելու դեպի Սուրբ Երկիր, սակայն միայն նրանից հետո, երբ այդ խոստումները չկատարելու համար Հռոմի Պապը բանադրեց նրան, Ֆրիդիրիխը կազմակերպեց նոր արշավանք 1228 թ.: Շուտով նա զորքի հետ ափ իջավ Ակրայում և դիվանագիտության շնորհիվ հասավ աննախադեպ հաջողությունների. Երուսաղեմը, Նազարեթն ու Բեթղեհեմը տասը տարով վերադարձվեցին խաչակիրներին։

Այն բանից հետո, երբ Ֆրիդիրիխը 1229 թ. չկարողացավ գրավել Եգիպտոսը նա հաշտության պայմանագիր կնքեց Ալ-Քամլիի հետ։ Ըստ այդ պայմանագրի խաչակիրներին էր հանձնվում նախկին Երուսաղեմի թագավորության տարածքի մեծ մասը, բացառությամբ մի քանի մզկիթների, որոնք անցելու էին մուսուլմանների վերահսկողության տակ։ Խաղաղությունը տևեց շուրջ 10 տարի։  Շուտ մուսուլմաններ դժգոհ մնացին Ալ-Քամլիի որոշումներից և 1244 թ. Երուսաղեմի պաշարումից հետո հետ գրավեցին քաղաքը։ 

Յոթերորդ խաչակրաց արշավանք

1243 թ. հակամարտություն սկսվեց Տաճարականների միաբանության և մուսուլմանների միջև: Գազայում տեղի ունեցած ճակատամարտի հետևանքով, 48 ժամվա ընթացքում խաչակիրների բանակի մեծ մասը կործանված էր: Շատ պատմաբաններ նշում են այս իրադարձությունը որպես Սուրբ Երկրում խաչակիրների դարաշրջանի ավարտի սկիզբը։ Ֆրանսիայի թագավոր Լուի Իններորդը խաչակրաց արշավանք կազմակերպեց, որ տևեց 1248-1254 թթ. և ավարտվեց անհաջողությամբ։ Նա անցկացրեց կյանքի մնացած մասը Ակրայի արքայական պալատում։

Ութերորդ խաչակրաց արշավանք

Ութերորդ խաչակրաց արշավանքը դարձյալ կազմակերպվել էր Ֆրանսիայի թագավոր Լուի IX կողմից 1270 թ.: Նա ցանկանում էր օգնել Սիրիայում գտնվող խաչակիրների մնացորդներին։ Սակայն սկզբնապես նա արշավեց Թունիս, որտեղ էլ երկու ամիս անց կնքեց իր մահկանացուն։ Իր կատարած գործերի համար Լուին հետագայում սրբացվեց։ Երբեմն Ութերորդ խաչակրաց արշավանքը հաշվում են որպես Յոթերորդ, քանի որ երբեմն Վեցերորդ և Յոթերորդ խաչակրաց արշավանքները համարվում են մեկ խաչակրաց արշավանք։ Իններորդ խաչակրաց արշավանքը ևս երբեմն հաշվում են որպես Ութերորդի շարունակությունը։

Իններորդ խաչակրաց արշավանք

 

 

Քրիստոնյա երկրները Մերձավոր Արևելքում

Ապագա Անգլիայի թագավոր Էդվարդը 1271 թ. կազմակերպեց մի շարք արշավանքներ ընդդեմ բերբերների։ Սակայն Ֆրանսիայի թագավոր Լուիի մահից հետո, այս խաչակրաց արշավանքը ևս ավարտվեց անհաջողությամբ։ Այն դարձավ վերջինը խաչակիրների համար Մերձավոր Արևելքում։ 

Հետագայում` մամլուքներից ջախջախված խաչակիրները, հույսերը կապում էին մոնղոլների հետ, ովքեր քրիստոնյաներին համեմատաբար լավ էին վերաբերվում։ Մոնղոլների որոշ արշավանքներ նախագծված էին ֆրանկների կողմից։ Բացի խաչակիրներից Կիլիկյան Հայաստանը նույնպես հույսեր էր կապում մոնղոլների հետ։ Դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ Հեթում Ա-ի և Մանգու խանի միջև կնքված պայմանագիրը և այն փաստը, որ Կիլիկյան հայերը մինչև 14-րդ դարի սկզբները ռազմական օգնություն էին ցուցաբերում մոնղոլներին ընդդեմ մամլուքների։ Չնայած մոնղոլները կարողացան հասնել մինչև Դամասկոս, սակայն նրանք և խաչակիրները վատ էին համագործակցում, որը վառ երևաց Աին Ջալութ ճակատամարտում 1260 թ-ին։ Շուտով մամլուքները բերբերների հետ միասին կարողացան մաքրել ողջ Սուրբ Երկիրը մոնղոլներից և խաչակիրներից։ Մեկը մյուսի հետևից ընկան խաչակիրների վերջին հենակետերը. Անտիոքը` 1268 թ., Տրիպոլին` 1289 թ. և Ակրան` 1291 թ., այդպիսով վերջ դնելով խաչակիրների դարաշրջանին Մերձավոր Արևելքում։ 

Մերձավոր Արևելքը 1291 թ-ից հետո

Ռուսադ կղզին` Սիրիայի ծովափից երեք կմ հեռու, որոշ ժամանակ զբաղեցված մնաց Տաճարականների միաբանության կողմից, մինչև մամլուքների կողմից գրավելը սեպտեմբերի 26-ին, 1302 թ.: Վերջին հզոր քրիստոնյա թագավորությունը Մերձավոր Արևելքում` Կիլիկիայի Հայկական Թագավորությունը, կարողացավ գոյատևել մինչև մամլուքների կողմից Սսի գրավումը 1375 թ.: Հիվանդախանմաների հոգևոր-ասպետական միաբանությունը պահեց Հռոդոս կղզին մինչև 1522 թ.: Հետագայում Հիվանդախնամների մի ճյուղը գրավեց Մալթան և կառավարեցին այնտեղ մինչև նրանց վերացումը Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.: Իսկ Կիպրոսը մնաց Լուսինյանների իշխանության տակ մինչև Վենետիկի հանրապետության կողմից նվաճվելը 1570 թ.:

Հյուսիսային խաչակրաց արշավանքներ

Տևտոնների խաչակրաց արշավանքներ

Բալթիկ ծովի խաչակրաց արշավանքները, որի մասնակիցները մեծ մասամբ գերմանացի քրիստոնյաներն էին և որը գլխավորվում էր Տևտոնյան խաչակիրների կողմից, նպատակ էր հետապնդում այդ տարածաշրջանի բոլոր հեթանոսներին դավանափոխ անել և դարձնել քրիստոնյա: Այս խաչակրաց արշավանքները կատարվեցին 13-16-րդ դարերում։ Պրուսական խաչակրաց արշավանքի ընթացքում (13-րդ դարում) տևտոնները, քրիստոնյա պրուսներն ու սլավոնները մարտնչում էին ընդդեմ այսպես կոչված հին (հեթանոս) պրուսների։

1198-1290 թթ. ընթացքում տևտոնները` Դանիայի և Շվեդիայի թագավորություների օգնությամբ Բալթիկ ծովի ափին ապրող ժողովուրդների մեծ մասին քրիստոնեացրին։

Տևտոնները նաև փորձում էին նվաճել ուղղափառ Ռուսիան, սակայն հաջողություն չունեցան։ Հետագայում շվեդներն առանց Հռոմի Պապի համաձայնության իրականացրին մի շարք խաչակրաց արշավանքներ ընդդեմ ռուսների։

Շվեդական խաչակրաց արշավանքներ

Ֆինլանդիայի նվաճումը Շվեդիայի կողմից կատարվեց երեք խաչակրաց արշավաքների միջոցով. առաջինը` 1155 թ., երկրորդը` 1249 թ. և երրորդը` 1293 թ.: Առաջինը հավանական է ընդամնեը լեգենդ լինի, որ հյուսվել է, որպեսզի Ֆինլանդիայի նվաճումն ավելի վաղ թվագրվի։ Իսկ երկրորդի շնորհիվ գրավվեց Ֆինլանդիայի հարավ-արևմուտքը։

Պեղումները ցույց են տալիս, որ Ֆինլանդիան արդեն մեծ մասամբ քրիստոնյա էր մինչև խաչակրաց արշավանքները, և այդ պատճառով, խաչակրաց արշավանքներն ընդամենը նվաճողական բնույթ էին կրում, և կոչվել են այդպես 19-րդ դարում` շվեդ և ֆինլանդացի ազգայնական պատմաբանների կողմից։

Այլ խաչակրաց արշավանքներ

Վենդական խաչակրաց արշավանք

Երկրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում, սաքսոններն ու դանիացիները մարտնչում էին ընդդեմ Պոլաբյան սլավոնների 1147 թ-ին։ Այս արշավանքը հետագայում կոչվեց Վենդական խաչակրաց արշավանք։

Ստեդինգերյան խաչակրաց արշավանք

1232-1234 թթ. արշավանք ձեռնարկվեց ընդդեմ ստեդինգերների։ Այս խաչակրաց արշավանքը հետաքրքիր էր նրանով, որ ստեդինգերները ոչ հերետիկոս էին, ոչ էլ հեթանոս, այլ կաթոլիկներ: Սակայն նրանք պարբերաբար հարձակումներ էին գործում տեղի եպիսկոպոսարանի վրա, որի պատճառով էլ Հռոմի Պապը 1232 թ. կազմակերպեց խաչակրաց արշավանք։ Ստեդինգերները ջախջախվեցին 1234 թ.:

Արագոնյան խաչակրաց արշավանք

Արագոնյան խաչակրաց արշավանքը Հռոմի Պապի կողմից կազմակերպված խաչակրաց արշավանք էր ընդդեմ Արագոնի արքա Պետրոս Մեծի։ Այն տևեց 1284-1285 թթ.:

Ալեքսանդրյան խաչակրաց արշավանքը

Ալեքսանդրյան խաչակրաց արշավանքը փոքրամասշտաբ խաչակրաց արշավանք էր ընդդեմ մուսուլմանական Ալեքսանդրիայի, կազմակերպված 1365 թ. հոկտեմբերին` Կիպրոսի արքա Պետրոս Ա-ի կողմից։ Սակայն նա ավելի շատ հետապնդում էր տնտեսական, քան կրոնական շահեր:

Մահդյան խաչակրաց արշավանք

Մահդյան խաչակրաց արշավանքը 1390 թ. Ֆրանսիա-ջենովյան միացյալ արշավանք էր ընդդեմ Հյուսիսային Աֆրիկայի մուսուլման ծովահենների և նրանց գլխավոր ռազմակայան Մահդիայի։

Խաչակրաց արշավանքներ Բալկաններում

14-17-րդ դարերում Եվրոպային լրջորեն սպառնում էր Օսմանյան կայսրությունը։ Որպեսզի Եվրոպան դիմակայեր օրեցօր ընդարձակվող Օսմանյան կայսրությանը, մի քանի խաչակրաց արշավանքեր կազմակերպվեցին 15-րդ դարում։ Դրանցից առավել նշանակալիցներն են.

Նիկոպոլիսի խաչակրաց արշավանքը (1396 թ.) առաջնորդում էր Հունգարիայի արքան, այն հասավ իր գագաթնակետին Նիկոպոլիսի ճակատամարտում։

Վառնայի խաչակրաց արշավանքը (1444 թ.) առաջնորդում էին Հունգարիայի և Լեհաստանի թագավորները, այն ավարտվեց Վառնայի ճակատամարտով։

Խաչակրաց արշավանքներն ընդդեմ թաթարների

1259 թ. մոնղոլ-թաթարները գրավեցին Լիտվան և Լեհաստանը։ 14-րդ դարում Թոխտամիշ խանը միավորեց Սպիտակ և Կապույտ Հորդաները ստեղծելով Ոսկե Հորդան։ Թվում էր, թե Ոսկե Հորդան անկասելի էր, սակայն 1389 թ. Թոխտամիշը կայացրեց աղետալի իր համար որոշումը` ապստամբել ընդդեմ նախկին տիրոջ` Լենկ-Թեմուրի։ Լենկ-Թեմուրի հորդաները ներխուժեցին հարավային Ռուսաստան և կործանեցին Ոսկե Հորդայի տնտեսությունը։

Պատերազմը տանուլ տալուց հետո, Թոխտամիշը գահազրկվեց և նրա փոխարեն Լենկ-Թեմուրի կողմից կառավարիչներ հռչակվեցին Թեմուր-Կութլուղ խանը և Էմիր Էդիգուն։ Այդժամ Թոխտամիշը օգնություն խնդրեց ռուս իշխաններից և շուտով ռուսներից, լեհերից, լիտվացիներից, մոնղոլներից ու տևտոնյան ասպետներից կազմված մի մեծ բանակ օգնության եկավ նրան։

1398 թ. այդ հսկա բանակը շարժվեց դեպի Մոլդովիա և գրավեց Դնեպր գետից մինչ հյուսիսային Ղրիմ ընկած տարածքները։ Ներշնչված այս հաղթանակներով, բանակի հրամանատարներն ու Հռոմի Պապն անվանեցին այս արշավանքը «Խաչակրաց արշավանք ընդդեմ թաթարների»: Այդ բանակը 1399 թ. ևս մեկ անգամ ներխուժեց Ոսկե Հորդայի տարածք։ Չնայած դաշնակից զորքն ուներ թնդանոթներ, նրանք ջախջախիչ պարտություն կրեցին Էդիգուի զորքերից։ Իսկ հաղթանակած թաթարները պաշարեցին Կիևը։ Ինչպես գրել է ժամանակակիցներից մեկը`

  Եվ քրիստոնյաների արյունը թափվեց ինչպես ջուրը Կիևի պարիսպներով։      

Շուտով Թեմուր-Կութլուղը մահացավ մարտում ստացած վերքերից, իսկ Թոխտամիշը սպանվեց իր իսկ կողմնակիցների կողմից։

Հուսիտյան խաչակրաց արշավանք

Հուսիտյան խաչակրաց արշավանքը կամ Հուսիտյան պատերազմը տեղի է ունեցել 1420-1434 թթ., ուղված էր ընդդեմ Բոհեմիայում Յան Հուսի հետևորդների։ Այս պատերազմն առաջինն էր Եվրոպայի պատմության մեջ, որտեղ մեծ նշանակություն ունեցան հրացանները։ Հուսիտների գլխավոր առավելությունը ծանրազեն ասպետների փոխարեն թեթև հետևակ ունենալու փաստն էր, որն էլ հնարավորություն էր տալիս նրանց հաղթել թվականորեն գերակշռող հակառակորդին։

Просмотров: 2258 | Добавил: Koms | Рейтинг: 3.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 26

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2018