«Նեմեսիս» - գործողություն՝ որի նպատակն էր պատժել 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին: Կազմակեպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը : Նեմեսիս կամ Նեմեզիս (հուն. Νέμεσις ) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:
Գործողության կատարման որոշումը կայացվել է
1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս » գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջաններ: «Նեմեսիս» գործողությունը նախապատրաստվել է մանրամասնորեն: Գործուղության կազմակերպչական կենտրոններն էին Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ» և Բոստոնի «Դրոշակ» թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը յուրաքանչյուրում 3-5 մարդ, հետապնդելու էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար էին ածելու:
Գործողության կազմակերպիչները նշում էին, որ կատարում են 1919 թվականի Կոստանդնուպոլսի դատարանի որոշումը՝ ըստ որի հեռակա մահվան էին դատապարտվել հայերի ցեղասպանությունը կազմակերպիչներ՝ Թալեաթը, Էնվերը,Նազիմը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշները Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվել մահվան:
Հիմնական գործողությունները
* 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան:
* 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին:
* 1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել)[2], և «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը):
* 1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:»[3] Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:
* 1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին,Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության նախկին հիմնադիր: Երկանյանի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը
* 1921 թվականի հուլիսի 21-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին:Թոռլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ:
Դավաճանների սպանությունը
1920 թվականին «Նեմեսիս» գործողության շրջանակներում, դատապարտվել և գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ.
* 1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին:
* 1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան): Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ որոնք սպանվեցին 1915 թվականին:
* 1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար: Ադուր Յասյանը դավաճանեց հայերին և Հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին: Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին:
Չկայացած դատավճիռներ
Դատավճռի ցուցակը գլխավորում էին Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերը և «Միություն և Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը: Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ:
* Էնվերը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա:Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդական բասմաչական շարժումը: 1922 թվականին կարմիր բանակի հրամանատր Հակոբ Մելքումովը գնդակահարել է Էնվերին Տաջիկստանում:
* Նազիմը վերադարձավ Թուրքիա, որտեղ կարճ ժամանակ անց Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար մահապատժի է ենթարկվեց: